Կասկածներ կան, որ Դեմիրթաշի դեմ մահափորձ է իրականացվել
Ազգերի ժողովրդավարական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին հատկացված զրահապատ մեքենայի ետևի ապակուն հայտնված հետքը նրա դեմ հավանական մահափորձի շուրջ քննարկումներ է առաջ բերել։
Ոստիկանությունը նշել է, որ նշված հետքը կարող է փամփուշտի հետևանք լինել, սակայն Դիարբեքիրի նահանգապետարանը հայտնել է, որ փամփուշտ չի հայտնաբերվել։
Դեմիրթաշը Twitter-յան իր միկրոբլոգում քրդերեն գրառում է արել․ «Մահն Աստծո հրամանն է»։
Ապակու վրայի հետքը երեկ երեկոյան Դիարբեքիրում են նկատել։ Ապակին կոտրված չի եղել, սակայն աջակողմյան նստատեղի ուղղությամբ՝ ուղևորի գլխի հավասարությամբ ապակու վրա փամփուշտի հետք է նկատվել։
Ըստ ոստիկանության գնահատականի՝ քարը ապակու վրա նման հետք չէր կարող թողնել, և հետքը հնարավոր է, որ առաջացած լինի փամփուշտից։
Դեմիրթաշը կրակոցի ձայն չի լսել
«Ֆրաթ» լրատվական գործակալության հետ զրույցում Դեմիրթաշը նշել է, որ կրակոցի ձայն չեն լսել։
Դիարբեքիրի մարզպետարանի հայտարարության մեջ ժխտվում է մահափորձի հավանականությունը՝ նշելով, որ հետքն առաջացել է կոշտ առարկայի բախումից։

